<<Փրկություն>> կազմակերպությունը և սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ
Սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում (ՀԳՀՄ) տեղի ունեցավ սեմինար “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” թեմայով, որը կազմակերպվել էր “Փրկություն” ՀԿ-ի և ՀԳՀՄ-ի կողմից:
Սեմինարի նպատակն էր լուսաբանել և վեր հանել զբաղվածության ոլորտում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, որոնել ուղիներ նրանց աշխատաշուկա ինտեգրելու համար և կազմակերպել հանդիպում գործատուների և սահմանափակ կարողություն ունեցող անձանց միջև:
Սեմինարի ընթացքում “Փրկություն” ՀԿ-ի համակարգող Էմմա Գալստյանը խոսեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների, դերի ու նշանակության մասին հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար, ներկայացրեց մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներին, նրանց գործունեությունը և մասնակցությունը տարբեր փառատոններին, ինչպես նաև ցուցադրեց նրանց իսկ կողմից պատրաստած ձեռքի տարբեր աշխատանքներ՝ գոբելեն, նկարներ, դիզայներական աշխատանքներ, ինչպես նաև կավից պատրաստված զանազան իրեր:
Քննարկվեցին տարաբնույթ հարցեր կապված ՀՀ աշխատանքային օրեսգրքի որոշ դրույթների, “Փրկություն” ՀԿ-ի գործունեության հետ, սպառիչ պատասխաններ տրվեցին մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բարձացված հարցերին, ինչպես նաև “Փրկություն” ՀԿ-ի ներկայացուցիչներին տրամադրվեց խորհրդատվություն ավելի արդյունավետ աշխատելու համար:
Սեմինարին մասնակցում էին ՀԳՀՄ գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը, “Փրկություն” ՀԿ-ի համակարգող Էմմա Գալստյանը, պետական և մասնավոր զբաղվածության գործակալությունների ներկայացուցիչներ, գործատուներ և մտավոր հաշմանդամություն ունեցող անձիք: “Տանժեռ” ընկերության կողմից սեմինարին մասնակցեց Աննա Ղամբարյանը: