Սույն թվականի փետրվարի 1-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հրավերով ներկա եղանք իրենց՝ անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի կողմից կազմակերպված “ԲՈւՀ – գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնաարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ” խորագրով կլոր սեղանի քննարկմանը:  

Հանդիպման նպատակն էր հնարավորինս մերձեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին: 

Հանդիպման մասնակից գործատուներից շատերը թարգմանության ոլորտում  գոյություն ունեցող բացերից մատնանշում էին բանավոր թարգմանիչների պակասը և մասնագիտական թարգմանական հմտությունների պակասը կամ իսպառ բացակայությունը: Թարգմանիչներն էլ իրենց հերթին դժգոհում էին ցածր վարձատրությունից, աշխատատեղերի սակավությունից, ինչպես նաև այն բանից, որ գործատուները չեն հասկանում թարգմանչի և լեզվաբանի տարբերությունը: 

 “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը մեր լուման ներդրեց քննարկման մեջ, նշելով, որ իրավացի են և՛ գործատուները և՛ թարգմանիչները, ընդ որում ԲՈւՀ-երի բացթողումը կայանում է նրանում, որ դասավանդման ընթացքում մասնագետները շեշտը դնում են գրական գեղարվեստական թարգմանության վրա՝ շատ քիչ ժամանակ հատկացնելով մասնագիտական թարգմանությունների ուսումնասիրությանը: