Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում, թաքնված աշխատողներ
2013 թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ ոչ ֆորմալ զբաղվածության թեմայով ազգային եռակողմ սեմինար, որին մասնակցում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Արհմիությունների կոնֆեդերացիաների (ՀԱՄԿ) և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ոչ ֆորմալ զբաղվածության դեմ պայքարի հարցը, որը դեր է խաղում “արժանապատիվ աշխատանքի” գործում, գտնվում է ԱՄԿ-ի ուշադրության կենտրոնում: ԱՄԿ-ի խորհրդատվական աջակցությամբ տարբեր պետական ծառայությունների փորձագետներ իրականացրեցին հետազոտություններ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության վերաբերյալ փոքր և միջին բիզնեսի բնագավառում: Հետազոտությունների արդյունքում բացահայտվեցին ոչ ֆորմալ զբաղվածության պատճառները, տրվեցին առաջարկներ հետագա քայլերի՝ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ, որոնք կկարողանան նվազեցնել թաքնված զբաղվածությունը և կնպաստեն գործատուներին ոչ ֆորմալ ոլորտից գնալ դեպի ֆորմալ, այսինքն բոլոր աշխատակիցներին օրինական գրանցել:
Ըստ ՀԳՄՆ-ի նախագահ Գագիկ Մակարյանի, ոչ ֆորմալ զբաղվածության պատճառներն այն են, որ փոքր բիզնեսը գտնվում է անհավասար մրցակցության դաշտում և փորձում է ինչ-որ կերպ գոյատևել: Առկա է նաև արագ հարստանալու հոգեբանությունը, որը նույնպես պայմանավորված է անհավասար հնարավորություններով: Դրա համար հարկային օրենսդրությունը պետք է ստեղծի պայմաններ, որ գործատուն ցանկանա իրականացնել իր գործունեությունը օրինական դաշտում, այլ ոչ թե կիրառել նրա հանդեպ ստիպողական մեթոդներ, նրան օրինական դաշտ տեղափոխելու համար, ինչն էլ իր հերթին կբերի գործազրկության աճի: Նկատի ունենալով, որ Հայաստանում 90 տոկոսը մակրո և փոքր բիզնես է, պետք է տրամադրել նրանց հարկային արտոնություններ և քայլեր մշակել առկա կոռուպցիոն ռիսկերի և տնտեսության մենաշնորհի վերացման համար, որպեսզի վերը նշված բիզնեսները կարողանան զարգանալ:
Ներկա դրությամբ Հայաստանում նկատվում է ոչ ֆորմալ զբաղվածության և այդ դաշտում աշխատողների աշխատաժամերի աճի միտում: Ոչ ֆորմալ զբաղվածությանը նպաստում է նաև աշխատանքից հեռացվելու վախը: Փորձագետների գնահատմամբ ստվերային աշխատակիցները վարձատրվում են 10 տոկոսով ավելի քիչ, քան ֆորմալ դաշտի իրենց կոլեգաները:
Հաշվի առնելով մեր երկրի ցանկությունը որդեգրել "արժանապատիվ աշխատանքի" եվրոպական չափորոշիչները, որոնք ունեն 28 չափանիշ, Հայաստանին անհրաժեշտ է, ինչպես համարում է ԱՄԿ-ի փորձագետը, մի շարք գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ֆորմալ զբաղվածության աճին և կդրդեն գործատուներին ոչ ֆորմալ դաշտից անցնել ֆորմալ: Անհրաժեշտ է նաև բարելավել աշխատանքի հսկողությունը և աշխատակիցների իրազեկումը ֆորմալ դաշտում առկա սոցիալական երաշխիքների վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցեց նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունին: