Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Իմիգրացիայի եւ Ինտեգրման (OFII) հայաստանյան գրասենյակը Անի Պլազա հյուրանոցում կազմակերպել էր սեմինար,որի նպատակն էր հզորացնել Միգրացիոն Պետական Ծառայության (ՄՊԾ), Զբաղվածություն Պետական Ծառայության (ԶՊԾ), տեղական իշխանությունների, արհմիությունների և զբաղվածությանը/միգրացիային առնչվող կազմակերպությունների կարողությունները, որպեսզի իրազեկման միջոցով զերծ պահեն բնակչությանը անօրինական միգրացիայից:

Սեմինարի ընթացքում Ֆրանսիայից և Լեհաստանից ժամանած փորձագետները ներկայացրեցին Հայաստանի բնակիչների համար այդ երկրներ մուտք գործելու պարզեցված բոլոր ընթացակարգերը և արտոնությունները՝ խուսափելու համար ոչ լեգալ միգրացիայի բոլոր անցանկալի հետևանքներից:

Մասնավորապես OFII-ի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչներ Իվա Ժակոպովիչը և Հելեն Հարարին մանրամասնորեն ներկայացրեցին օրինական կերպով Ֆրանսիա մուտք գործելու, Ֆրանսիայում ինտեգրման պայմանագրի ստորագրման և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հավաքագրման մեխանիզմները:

Սեմինարին մասնակցում էին ՄՊԾ-ի, ԶՊԾ-ի, առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի Հանրապետական Գործատուների Միության և մասնավոր զբաղվածության ընկերությունների ներկայացուցիչներ: Սեմինարին մասնակցեց նաև «Տանժեռ» ընկերության ներկայացուցիչ Աննա Ղամբարյանը: