Հարցազրույցն սկսելուց մի քիչ շուտ ներկայացեք:

Հարցազրույցի ժամանակ մի ծխեք, մի խմեք, մաստակ մի ծամեք, եթե, իհարկե, գործատուն ինքը դա չի առաջարկում:

եղեք անկաշկանդ և անմիջական, միևնույն ժամանակ` գործնական: Սկսեք ձեռքն ամուր սեղմելով (նույնիսկ այն դեպքում, երբ Դուք կամ գործատուն կին եք), ներկայացեք, ժպտացեք: Եղեք ինքնավստահ, բայց ոչ մեծամիտ:

Նստեք քիչ դեպի առաջ թեքված ու ժամանակ առ ժամանակ գլխով արեք, գործատուին հասկացնելով, որ Դուք նրան ուշադիր եք լսում ու հասկանում եք: Ժամանակ առ ժամանակ նայեք խոսակցի աչքերի մեջ:

Հիշեք, որ հարցազրույցի ժամանակ հարցեր տվողը գործատուն է: Ձեր պատասխանները պետք է լինեն ճշմարիտ, կարճ, բայց` սպառիչ:

Ճկունություն ցուցաբերեք ընկերության շահերի ընկալման հարցում, սակայն հասկացրեք ղեկավարին, թե որ աշխատանքն եք նախընտրում:

Խոսեք Ձեր մասնագիտական ունակությունների մասին` առանց դրանք չափազանցեցնելու: Ղեկավարի տված հարցերը ու արտահայտությունները կօգնեն Ձեզ կռահել, թե իրեն ինչպիսի աշխատող է պետք: Պահեք Ձեզ համարժեք` պատմելով Ձեր ընդունակությունների մասին: Օրինակ, եթե Դուք ակնկալում եք ստանալ ինժեների պաշտոն և գործատուն ասում է, որ տվյալ պաշտոնը պարտադրում է կոնտակտ պահել սպառողների հետ, պատմեք Ձեր փորձի մասին այդ բնագավառում: Մի փորձեք այնպիսի տեսք ընդունել, որ ամեն ինչ գիտեք և ամեն ինչ կարող եք:

Եթե ռեզյումեն նախօրոք չեք ուղարկել, ցույց տվեք այն, կամ Ձեր աշխատանքային փաստաթղթերը, երաշխավորագրերը, անձնական թերթիկը, կատարած աշխատանքի օրինակներ կամ ցանկացած այլ նյութեր, որոնք հաստատում են Ձեր խոսքերը (լավ կլինի, որ բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները լինեն Ձեր ձեռքի տակ, եթե նույնիսկ այդ ամենն ուղարկել եք նախօրոք):

Չարժե քննադատաբար արտահայտվել Ձեր նախորդ գործատուների, ուսուցիչների, աշխատակիցների և ուսումնական հաստատությունների մասին:

Մի պատմեք Ձեր անձնական, տնային կամ ֆինանսական խնդիրների մասին, եթե Ձեզ այդ մասին չեն հարցնում:

Մի շտապեք հարցեր տալ, քանի դեռ ղեկավարը ինքը չի խնդրել Ձեզ այդ մասին: Սակայն մի վախեցեք հարցնել այն մասին, ինչը Ձեզ անհրաժեշտ է իմանալ: Եթե գործատուն Ձեզ աշխատանք է առաջարկում, համոզվեք, որ Դուք նրան ճիշտ եք հասկացել և ինչպիսին են լինելու Ձեր պարտականությունները: Հարկավոր է նաև հետաքրքրվել, թե աշխատանքում առաջընթացի ինչ հնարավորություններ եք ունենալու: Պարտականությունների ու պահանջների ճշգրիտ ըմբռնումը հետագայում օգտակար կլինի թե՛ Ձեզ, թե՛ գործատուին:

Պատրաստ եղեք աշխատավարձի քննարկմանը, երբ գործատուն ինքը կանդրադառնա այդ հարցին:

Եթե գործատուն որոշակիությամբ դեռ չի առաջարկել Ձեզ աշխատանքը ու չի ասել, թե երբ կարելի է իմանալ իր որոշման մասին, հարցրեք` երբ կարելի է իրեն զանգահարել:

Եթե Ձեզ խնդրել են զանգահարել կամ գալ ևս մեկ հարցազրույցի, անպայման գրի առեք օրը, ժամը և անցկացման տեղը:

Շնորհակալություն հայտնեք Ձեզ հետ հարցազրույց անցկացնողին: Եթե պարզվի, որ Դուք այդ ընկերության համար օգտակար չեք կարող լինել, հարցրեք ուրիշների մասին, ում կհետաքրքրեն Ձեր տվյալները:
ßíäåêñ.Ìåòðèêà