Միայն անձամբ առնչվելով, շփման միջոցով է արվում վերջնական հետևությունը թեկնածուի առանձնահատկությունների մասին և որոշում կայացվում նրան աշխատանքի ընդունելու (չընդունելու) մասին: Տվյալ դեպքում գործատուն առաջնորդվում է հանրահայտ "լավ է մեկ անգամ տեսնել, քան շատ անգամ լսել" սկզբունքով:

Դուք լավ գիտեք Ձեր բնավորության առանձնահատկությունները, ինչպես նաև Ձեր ընդունակությունների ու նյութական կարիքների մակարդակը: Բայց գործատուն ոչինչ չգիտի այդ մասին: Լավագույն դեպքում նա կարդացել է Ձեր ռեզյումեն, և եթե հարցեր ունի Ձեզ տալու, ապա ուզում է համոզվել, թե որքանով է գրածը համապատասխանում իրականությանը կամ ուզում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ Ձեր մասնագիտական և անձնական տվյալների վերաբերյալ:

Ձեր խնդիրը պետք է լինի կարճ շփման ժամանակահատվածում կամ, ավելի հաճախ, պատասխանելով ինչ-որ հարցաթերթիկի, առավելագույնս ամբողջական պատկերացում տալ սեփական անձի առանձնահատկությունների մասին, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել գործատուի համար (ցանկություններ, հետաքրքրություններ, ընդունակություններ, որոնք նշված չեն ռեզյումեում, բնավորության գծեր և այլն): Դուք պետք է ինքներդ էլ կարծիք կազմեք գործատուի ու գործընկերների մասին, որոնց հետ աշխատելու եք:

Պատկերացնենք մեզ գործատուի տեղը: Մեր դեպքում նա աշխատուժ գնողի դերում է: Հետևաբար, նա, ինչպես ցանկացած գնորդ, գնելու հստակ նպատակ ունի, նաև` հնարավորություններ, որոնք նա փորձում է իրականացնել մի քանի խնդիրների լուծման միջոցով:

Ենթադրենք, մենք մի որոշակի գնում կատարելու համար գալիս ենք սուպերմարքեթ, ուր ընտրության տարբերակներ կան: Առաջին հերթին նայում ենք ապրանքի որակը, հետո նայում ենք գնին, հետո մնացածն ենք նկատում: Լինում է նաև այնպես, որ մի շատ կարևոր բան նկատելով, անմիջապես գնում ենք ապրանքը, չնայած այդ գնումը չէինք նախատեսել:

Մոտավորապես նույն հերթականությամբ մտածում է նաև գործատուն: Նախ նա ուսումնասիրում է հավակնորդին` թափուր տեղին համապատասխանելու առումով, հետո, համապատասխան հավակնորդի ունակություններին, գնահատում է իր հնարավորությունները աշխատավարձի վերաբերյալ: Երբեմն գործատուն կարող է մասնագետին աշխատանքի ընդունել առանց նախապես միտում ունենալու՝ հասկանալով, որ իր մոտ ընդունվելու եկած մարդը ունի բացառիկ ընդունակություններ: Այսինքն, նա պատրաստ է իր ժամանակը տրամադրել գտնելու համար նոր հաստիք հետաքրքիր մասնագետի համար:

Այսպիսով, հարցազրույցի ժամանակ գործատուն առաջին հերթին որոշում է, թե թեկնածուի մասնագիտական ու անձնական հատկանիշները որքանով են համապատասխանում պաշտոնի պահանջներին, այնուհետև, թե նրա նյութական և այլ պահանջները որքանով են համապատասխանում աշխատանքի ենթադրվող ծավալին:

Չարժե առավելագույն ձեռնտու տեսանկյունից ներկայանալ, որովհետև մոլորեցնելով գործատուին, ապագայում կանգնելու եք Ձեր ձեռքով ստեղծած խնդիրների առաջ: Եթե չեք ցանկանում սին տեղեկություններ տրամադրել և ուզում եք բացառել Ձեզ համար բացասական հետևանքների հնարավորությունը՝ խուսափելով հետագայում ավելորդ ժամանակ ու նյարդեր ծախսելուց, տրամադրեք ավելի շատ ժամանակ ընտրելիս մասնագիացումը ու աշխատանքի ընդունման տարբերակները՝ համապատասխան Ձեր ունակություններին: Բայց պետք չէ մյուս ծայրահեղության մեջ ընկնել` թերագնահատելով սեփական ունակությունների «գովազդելու» կարևորությունը, քանի որ անհաջող ինքնաներկայացման պատճառով կզրկվեք Ձեզ ցանկալի աշխատանքից:

Այդուհանդերձ, աշխատանք ստանալու համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ, թե ինչ առանձնահատուկ և անսպասելի անակնկալների կարող եք հանդիպել աշխատանք փնտրելիս: Դրա համար հնարավորինս շատ տեղեկություն պետք է ունենալ ընկերության մասին, ուր մտադիր եք հարցազրույցի գնալ (գործունեության ոլորտը, արտադրանքի տեսակը, մրցակիցների շարքում գրաված տեղը, աշխատանքի ընդունման պայմանները, թափուր հաստիքները, աշխատավարձը և այլն): Անհրաժեշտ է նաև նախապատրաստել փաստաթղթերը ու կարողանալ բառերով վերարտադրել դրանց բովանդակությունը:

Հարցազրույցի գնալուց առաջ խորհուրդ ենք տալիս նախօրոք պատրաստել վերը թվարկած հարցերի պատասխանները, որպեսզի գործատուն իր հարցերով Ձեզ անակնկալի չբերի:
ßíäåêñ.Ìåòðèêà