“Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ” ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին արդեն ավանդական դարձած հանդիպումներ կայացան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան համալսարանի, Երևանի Գլաձոր համալսարանի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:

Հանդիպումների ընթացքում մեր ընկերության մասնագետները ներկայացրեցին ընկերությունը, նրա գործունեությունը, աշխատաշուկայի արդի վիճակը, տվեցին խորհրդատվություն աշխատանք որոնելու, գործատուին պատշաճ ներկայանալու, ճիշտ ռեզյումե կազմելու, ինչպես նաև անբարեխիղճ կադրային ընկերություններից զերծ մնալու վերաբերյալ: 

Շրջանավարտների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր՝ մասնավորապես ինչպե՞ս տեղավորվել աշխատանքի առանց աշխատանքային փորձի, ինչպե՞ս ձեռք բերել աշխատանքային փորձ,եթե կամավորական աշխատանքն արգելված է Հայաստանում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի փորձաշրջանի համար և շատ այլ հարցեր, որոնք գտան սպառիչ պատասխաններ: