Սույն թվականի նոյեմբերի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում “Աշխատանքային միգրացիայի դրական և բացասական կողմերը տնտեսության վրա” թեմայով: Կլոր սեղանը կազմակերպել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ)՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը միաժամանակ ներկայացնելով իր նոր գաղափարը՝ այն է ստեղծել պլատֆորմ՝ կապ, բոլոր այն կառույցների հետ, որոնք առնչվում են  միգրացիայի հետ ավելի արդյունավետ դարձնելու նրանց աշխատանքը:

Այնուհետև առաջարկեց քննարկել հետևյալ դրույթները՝ աշխատանքային միգրացիայի ազդեցության դրական և բացասական կողմերը տնտեսության վրա, պլատֆորմի ստեղծման անհրաժեշտությունը և արդյոք պետությունը իրավունք ունի ստանալ դիվիդենտներ միգրանտներից: 

 

Քննարկումն անցավ բավական բուռն: Որպես աշխատանքային միգրացիայի դրական կողմ նշվեց այն, որ դրսից Հայաստան մտնող կապիտալները նպաստում են երկրի ՓՄՁ-ների, եւ ընդհանրապես տնտեսության զարգացմանը: Իսկ բացասական կողմեր նշվեցին ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) խնդիրները, ընտանեկան արժեքների փոփոխումը, թրաֆիքինգը: 

Հնչեցվեց նաև կարծիք, որ միգրացիան հետևանք է ցածր աշխատավարձի և աշխատանքի բացակայության և քանի որ միգրացիան հնարավոր չէ կանխել, ապա պետք է անել ամեն ինչ, որ մարդիկ դիմելով միգրացիայի չհայտնվեն անելանելի իրավիճակներում: Այլ կերպ ասած պետք է անել ամեն բան, որպեսզի միգրացիոն գործընթացները լինեն վերահսկելի, միգրանտները լինեն ավելի իրազեկված և իմանան երկիրը լքելու ապահով տարբերակները: 

Այնուհետև քննարկմանը միացավ սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ներկայացնելով վերջին հարցման արդյունքները, համաձայն որոնց Հայաստանի բնակչության 18%-ը ցանկանում է լքել Հայաստանը ևկրկին պնդեց, որ պարտադիր չէ, որ ազգը զարգանա և ամրապնդվի իր պատմական հայրենիքում և, որ պետք է հզորացնել սփյուռքը ինչպես դա արել է Իռլանդիան՝ վկայակոչելով միգրացիայի դրական կողմը այդ երկրի համար: 

Քննարկմանը միացավ նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ պրն. Արտաշես Բախշյանը: Նա նույնպես խոսեց միգրացիայի դրական ազդեցության մասին ու նաև հավելեց, որ մեր քաղաքացիների մոտ նկատվում է կառավարությունից աշխատանք պահանջելու տենդենց, որը սակայն ճիշտ չէ մանավանդ որ սահմանադրության մեջ չկա նման կետ: Իսկ որոնք են կառավարության պարտավորությունները նա իհարկե չնշեց, փոխարենը նկատեց, որ յուրաքանչյուր արտագաղթող այստեղ թողնում է իր թոշակառու ծնողներին նպաստառու ընտանիքներին, որոնց թոշակի բեռը ընկնում է տեղում աշխատող մարդկանց վրա, և ճիշտ կլինի, որ պետությունը ակնկալի որոշակի դիվիդենտներ միգրանտներից մանավանդ, որ պետությունը շատ ներդրումներ է արել այդ քաղաքացիների համար, օրինակ՝ ապահովելով կրթություն և այլն:

Ամեն անգամ միգրացիան դրականորեն ներկայացնելու փորձերը լսարանի կողմից արժանանում էին բացասական արձագանքի և մասնակիցները հասկանում էին, որ նման քաղաքականությունը կործանարար է Հայստանի համար: Լսարանի հուզական արձագանքները դժգոհություն առաջացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ազգային խորհրդատու Օվսաննա Բաբայանի մոտ, ով խորհուրդ տվեց ավելի հաճախ և ավելի մեծ լսարաններից հնչեցնել “միգրացիայի դրական ազդեցությունը” բառերը, որպեսզի մարդկանց մոտ այն չառաջացնի նման արձագանք: 

Մեր կարծիքով, իրավիճակը շատ տխուր է: Բանն այն է, որ երկրի տնտեսական զարգացումը պետք է ապահովվի ոչ թե իրենց ընտանիքներից հեռու, օտար երկրում ստիպված աշխատող միգրանտների կողմից ուղարկված փողերի ներարկումով բյուջե, այլ արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու,  գիտության և այլ ոլորտները զարգացնելու, հավասար իրավունքներ հաստատելու, բիզնեսում  մենաշնորհները վերացնելու եւ այլ միջոցներով:  

Շատ ցինիկ երևույթ է կառավարական մակարդակով (էլ չենք խոսում  արտերկրից ֆինանսավորվող բազմաթիվ  հասարակական կազմակերպությունների մասին) բացեիբաց խոսել միգրացիայի շահավետության մասին եւ խրախուսել այն, փնտրել միգրացիայի դրական կողմերը, ինչպես նաեւ միգրանտների նկատմամբ հոգատարության  քողի տակ դավաճանել ազգային շահերը՝ միտումնավոր հայաթափելով Հայաստանը: 

Ցավոք, բոլոր ժամանակներում էլ, քչերն են դիմացել իշխանության և փողի փորձությանը: